
Karifabrika
- Ապագա
- Ավարտված
- Ընթացքում

Կառուցված լինելով 1960-70-ականների սահմանագծին՝ կարիֆաբրիկան (տրիկոտաժի գործարանը) զգալի դեր է խաղացել Դիլիջանի տնտեսական և սոցիալական կյանքում։ Այն ժամանակվա՝ 15-20 հազար բնակչություն ունեցող Դիլիջանի համար 800 աշխատակից ունեցող գործարանը մեծ նշանակություն ուներ։ Տեղացիները պատահականորեն չէին անվանում այն «կանանց զբաղվածության կենտրոն»․գործարանի հիմնական աշխատակիցները կանայք էին։
Ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ արտադրական ձեռնարկություններ, կարի-ֆաբրիկան փակվեց 2003 թվականին՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Սակայն քաղաքի բնակիչները մինչ օրս չեն կորցրել հույսը՝ ունենալու նոր տնտեսական կենտրոն, որը կնպաստի Դիլիջանի վերածնունդին։
Սրանով պայմանավորված՝ մշակվել է «ԿարիՖաբրիկա» նախագիծը, որի նպատակն է նախկին տրիկոտաժի գործարանի տարածքում ստեղծել ստեղծարար կլաստեր։ Նախագիծը միտված է վերածել լքված գործարանը բազմաֆունկցիոնալ մշակութային հանգույցի, որը կհամապատասխանի ժամանակակից հասարակության պահանջներին։
Այստեղ սկսնակ ձեռնարկատերերը կկարողանան ստանալ փորձառու մասնագետների աջակցությունը, քաղաքի բնակիչներն ու հյուրերը կմասնակցեն վարպետաց դասերին, դասախոսություններին, ցուցահանդեսներին և ներկայացումներին։ «ԿարիՖաբրիկա»-ն կարող է վերածվել այն կենտրոնի, որը կրկին կդարձնի Դիլիջանը ներշնչման և ստեղծարարության վայր՝ մարդկանց համար ամբողջ աշխարհից։