Տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծում և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում, տեղի բնակիչներին և ձեռներեցներին աջակցության տրամադրում։
Կենսաբազմազանության բնական էկոհամակարգերի և պատմամշակութային հուշարձանների պահպանում, ինչպես նաև դրանց վերաբերյալ բնակչության շրջանում կրթական և ուսուցողական ծրագրերի իրականացում:

 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2015 – 2017 թթ. կատարվել են ենթակառուցվածքային բարելավումները, որոնք իրականացվել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ՝ «Տաթեւ» ազգային պարկի ծրագրի շրջանակներում։

  • Սվարանց գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի վերականգնում։ Ընդհանուր առմամբ փոխվել է 500 մետրից ավելի վնասված խողովակաշար եւ վերականգնվել մշտական ջրամատակարարումը։
  • 20 աղբամանի տեղադրում Տաթեւ գյուղում, ինչը զգալիորեն բարելավել է համայնքի աղբահանության վիճակը։
  • 19 լուսադիոդային (LED), էներգախնայող եւ փողոցային լուսավորության լամպերի տեղադրում Տանձատափ գյուղում:

 

ՀՅՈՒՐԱՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

B&B («Անկողին եւ նախաճաշ») տեսակի հյուրատների զարգացման նախագծի շրջանակներում
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի աջակցությամբ իրականացրել է հյուրատների սեփականատերերի երապատրաստում՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով նրանց։
Վերապատրաստման ընթացքում Տաթեւի տարածաշրջանի 23 հյուրատների սեփականատերերը յուրացրել են մարքեթինգի հիմունքները, հյուրընկալել են զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին եւ այցելել տարբեր քաղաքներ՝ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով։ Նախագծի մասնակիցներին աջակցություն է տրամադրվել բիզնեսի գրանցման եւ կառավարման գործընթացի կազմակերպման հարցերում։ Նախագծի շրջանակում ստեղծվել եւ գործարկվել է tatevbnb.am կայքը, յուրաքանչյուր հյուրատան համար նաեւ
պատրաստվել եւ տպագրվել են գունավոր բուկլետներ, իսկ «ՏաԹեւեր» ճոպանուղուն կից տեղադրվել է տեղի հյուրատների մասին տեղեկատու վահանակ։

 

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Տաթեւի վերածնունդ» ծրագրով Տաթեւի բնակիչների համար մեկնարկել է դպրոց-արհեստանոցի նախագիծը, որի շրջանակում տեղի բնակիչները մասնակցել են կարի, մանրանկարչության եւ հուշանվերների պատրաստման տեսական ու գործնական դասընթացների։ Էկոտուրիզմի եւ արշավների զարգացման նպատակով տեղացիների համար կազմակերպվել է եւս մեկ վերապատրաստում: Մասնավորապես՝ Սմիթսոնյան ինստիտուտը (ԱՄՆ), «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հետ գործընկերությամբ, իրականացրել է յոթշաբաթյա հատուկ դասընթացներ՝ նախատեսված տեղի զբոսավարների համար: Վերապատրաստման ընթացքում տեղի բնակիչները մասնակցել են Տաթեւի պատմությունը ներկայացնող դասընթացի, ծանոթացել վերջինիս ազգագրական եւ բնական առանձնահատկություններին, յուրացրել ճարտարապետության եւ հնագիտության հիմունքները եւ անցել Տաթեւի շրջակայքի բոլոր արշավային երթուղիներով, որոնք մշակվել են հատուկ զբոսաշրջիկների համար: Վերապատրաստման վերջում Տաթեւի տարածաշրջանի յոթ բնակիչ պաշտոնապես հավաստագրվել եւ ստացել է հնարավորություն՝ աշխատելու որպես քայլարշավների զբոսավարներ:

 

ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՏԵՂԱՑԻՆԵՐԻՑ

2014թ. սկսած «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն ակտիվորեն աջակցում է տեղական ձեռնարկատերերին՝ ձեռք բերելով ձեռագործ հուշանվերներ եւ այլ ապրանքներ: «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարեւանությամբ
հուշանվերների խանութում վաճառվող ապրանքների մի մասը գնվել են տեղացիներից: Մեծ պահանջարկ են վայելում ձեռագործ խաղալիքները, Տաթեւի պատկերով խեցեղեն առարկաները, մագնիսները եւ բանալիների կախազարդերը, ինչպես նաեւ կաշվե եւ փայտյա զարդարանքները:

 

ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ձեռնամուխ են եղել Հալիձոր գյուղի տեղական դպրոցի խոշոր վերակառուցման ծրագրի: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը նաեւ իրականացրել է մեկ այլ նախագիծ տեղի մանկապարտեզների համար: Ծրագրի շրջանակում նախաձեռնվել է նախագիծ՝ ուղղված Խոտ, Շինուհայր եւ Հալիձոր համայնքների մանկապարտեզներում երեխաների օրն ավելի հաճելի դարձնելուն: Զինված ներկերով եւ վրձիններով՝ արվեստագետները Երեւանից ուղեւորվել են այս համայնքներ՝ զարդարելու մանկապարտեզների պատերը:

 

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ

2015 թ. սկզբից «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ակտիվ ներգրավվածությամբ ինժեներական լաբորատորիաներ են բացվել Գորիսի, Տաթեւի, Հալիձորի եւ Շինուհայրի դպրոցներում: Նախաձեռնությունը, որը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, թույլ է տալիս Սյունիքի մարզի 50 երեխաների՝ ձեռք բերելու
մեծ պահանջարկ ունեցող ինժեներական հմտություններ, որոնք նրանց փոխանցվում են հայ մասնագետների կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստումների միջոցով:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ

«Տաթեւ» կայանի հարեւանությամբ գյուղատնտեսական շուկայի ստեղծումը մեկ այլ կարեւոր ենթակառուցվածքային բարեկարգումների նախագիծ էր՝ իրականացված «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: 16 վաճառակետ ունեցող շուկան աշխատանքի կատարյալ պայմաններ է ստեղծում տեղաբնակ վաճառողների համար: Վաճառողներն ունեն հնարավորություն՝ Տաթեւ այցելող զբոսաշրջիկներին ու հյուրերին վաճառելու իրենց ապրանքը կոկիկ
վաճառասեղանների ետեւից, որոնք նաեւ ունեն ապրանքների պահպանման համար նախատեսված
հատուկ արկղեր, ինչն ազատում է նրանց օրվա ավարտին ապրանքը տուն տեղափոխելու եւ հաջորդ առավոտյան այն ետ բերելու անհրաժեշտությունից:

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը կազմակերպում է ամանորյա ներկայացումներ Տաթեւի վանքի հարեւանությամբ գտնվող 7 գյուղերի շուրջ 1,000 երեխայի համար: Ամեն տարի Երեւանից Տաթեւ են ժամանում տարբեր դերասաններ եւ ներկայացումներ կազմակերպում տեղի երեխաների համար, ներառյալ՝ տիկնիկային թատրոն, կրկես եւ այլ շոուներ: Ներկայացումից հետո բոլոր երեխաներին սպասում էին հատուկ նվերներ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի կողմից:

 

ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՄԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐ

Տաթեւի տարածաշրջանում՝ «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում եւ Սյունիքի անասնաշուկայում,ոչխարների խուզման փառատոններ անցկացվել են չորս անգամ: Փառատոնն ընձեռում է հիանալի հնարավորություն՝ կառուցելու կամուրջներ տարբեր համայնքների եւ մասնավոր ընկերությունների միջեւ:: Փառատոնի նպատակն է բարձրացնել հանրությանիրազեկվածությունը ավանդույթների, մշակույթի եւ տեղական
ապրանքների մասին, ինչպես նաեւ խթանել զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: Ամեն տարի փառատոնն ունենում է միջինում 2,000-ից ավելի այցելու: Անցած տարի «Ոչխարների խուզում» փառատոնի ծրագիրը ներառում էր ոչխարների խուզման մրցույթ, կենդանի ժողովրդական երաժշտություն, պարեր, խաղեր, սպորտ եւ տոնավաճառ, որտեղ տեղի արտադրողները ներկայացրին սեփական արտադրության ապրանքներ: